National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.12.2016
Կլոր-սեղան քննարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ
1 / 5

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կազմակերպել էին կլոր-սեղան քննարկում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետներ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրել է օրակարգը, քննարկվող հարցերի առաջնահերթությունները: Պարոն Սահակյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին շարունակական աջակցության եւ համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ դրա արդյունքում բազմաթիվ հարցերի շուրջ ներկայացվել են փորձագիտական եզրակացություններ:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Բարբարա Դեյվիսը ողջույնի խոսքում կարեւորել է առաջարկվող փոփոխությունները եւ այն հանգամանքը, որ օրենքի նախագիծը քննարկվում է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Նրա գնահատմամբ՝ «ԱԺ կանոնակարգ» օրինագիծը պետական կառավարման նոր համակարգի համար առանցքային փաստաթուղթ է եւ հույս է հայտնել, որ նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտողություններն անհրաժեշտ կլինեն:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի հիմնական դրույթները եւ կատարված աշխատանքը ներկայացրել է Հովհաննես Սահակյանը: Նշվել է, որ այս տարվա հունվարին ստեղծված աշխատանքային խումբը եղել է Գերմանիայում, Անգլիայում, ուսումնասիրել է եվրոպական երկրների փորձը, համագործակցել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել թե՛ կառավարության, թե՛ պատգամավորների կողմից, որոնք մշակման փուլում են: Պարոն Սահակյանը նշել է, որ առաջին ընթերցմամբ քննարկումների արդյունքում որոշ խնդրահարույց հարցեր են առանձնացվել, որոնք մասնավորապես վերաբերում են ԱԺ պատգամավորի՝ խմբակցությունից հեռացնելուն կամ խմբակցությունից դուրս գալուն եւ այդ փաստով պայմանավորված՝ մանդատը վայր դնելու իրավունքին կամ թույլտվությանը, պատգամավորների ելույթների ժամանակային սահմանափակմանը, քննիչ հանձնաժողովի գործունեությանը եւ լիազորություններին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ, պրոֆեսոր Սեյնթ Ջոն Բեյթսը (Մեծ Բրիտանիա) ներկայացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունը: Նա անդրադարձել է Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Կանադայի, Էստոնիայի, Բուլղարիայի եւ մի շարք այլ երկրների խորհրդարանական փորձին եւ զուգահեռներ անցկացրել: Պարոն Բեյթսը կարծիք է հայտնել, որ Կանոնակարգը պետք է հնարավորինս գործնական բնույթ կրի եւ մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու հնարավորություն ընձեռի: Պրոֆեսորն ընդգծել է, որ օրենքի նախագիծը ողջունելի քայլ է օրենսդրության համապատասխանեցման տեսանկյունից:

Հարցուպատասխանի ձեւաչափում ԱԺ պատգամավորները մի շարք հարցադրումներ են հնչեցրել, որոնց վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել պրոֆեսոր Սեյնթ Ջոն Բեյթսը: Հարցերն առնչվել են Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների վերահսկողական գործառույթին, օրինագծերի քննարկման եւ ընդունման ընթացակարգին, խորհրդարանի աշխատակազմի դերին, խմբակցությունից ԱԺ պատգամավորին հեռացնելու իրավական ու քաղաքական հիմքին, դրա քաղաքական հետեւանքներին, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքին, ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ լիագումար նիստում քննարկումների կազմակերպմանը, արագացված ընթացակարգով հարցերի քննարկմանը, ենթահանձնաժողովների գործունեությունը սահմանող եւ մի շարք այլ դրույթների:

Ամփոփիչ ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն արդյունավետ է համարել նման ձեւաչափի քննարկումները, որոնց ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվում եւ հնարավորություն է ընձեռվում ունենալու առավել փաստարկված օրենսդրական նախաձեռնություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am